«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամների մասնակցությամբ նոր ֆոտոպատմություն է նկարահանվել: Տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Այն միտված է հայկական մշակութային արժեքների հանրահռչակմանը, ինչպես նաև աշխարհին ներկայացնելու հայկական տարազի առանձնահատկություններն ու յուրահատկությունը: Ֆոտոշարքում խմբի 6 անդամները կրում են 19-րդ դարի հայկական ազգային տարազներ և թեմատիկ արդուզարդ:
«Genealogy» խմբի անդամ Ինգա Արշակյանը ֆոտոպատմության նկարահանման ընթացքում կրել է Համշենի տարազ: Շուրջ տասնհինգ տարի պրոֆեսիոնալ բեմի վրա լինելով` Ինգան հնարավորություն է ունեցել պարբերաբար կերպարանափոխվելու և կրելու ամենատարբեր ոճի հագուստներ` սկսած հին հայկական տարազներից մինչև եվրոպական ոճի հագուստ: «Տարազ հագնելիս հայացքդ և ներսդ է փոխվում, քանի որ համապատասխան հագուստը, կոշիկը, գլխի հարդարանքը և զարդերը կարծես ամբողջովին վերափոխում են մարդուն: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ամենին` իբրև հին մշակույթի մի պատառիկ, և երջանկություն է, որ մինչեւ մեր օրերը հասել են այդ պատառիկները և մենք դրանց կրողներն ենք այժմ»,-ասել է նա: Խմբի մյուս մասնակիցներ Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը և Թամար Կապրելյանը հագել են Վասպուրականի տարածաշրջանի ավանդական հայկական հագուստ: Եսայի Ալթունյանի հագին Լոռվա տարազն է. «Առաջին անգամ էի կրում տարազ. այնքան հպարտ զգացի: Տարազն այնքան էլեգանտ էր ու գեղեցիկ, որ մի պահ մտածեցի` նույնիսկ շատ տարիներ առաջ հայ ժողովուրդն արդեն ուներ իր հագուստի ճաշակն ու նորաձևության զգացումը»: Վահե Թիլբյանը կրել է Վասպուրականի Շատախի շրջանի հագուստ:
Նկարահանման ընթացքում մասնակիցները ծանոթացել են հայկական տարազների ստեղծման պատմությանը, ազգային հագուստ կրելու առանձնահատկություններին, հագուստին ուղեկցող պարագաների բացահայտ և թաքնված իմաստներին:
Լուսանկարներն արվել են Մարաշլյան ֆոտո ստուդիայում, լուսանկարիչը Էմմա Մարաշլյանն է:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթին կներկայանա յուրահատուկ ձևաչափով և նոր ձևավորված խմբով: «Genealogy» խմբում ազգությամբ հայ 6 արտիստներ են՝ երկրագնդի 5 աշխարհամասերից և Հայաստանից: Մայիսին կայանալիք երգի տոնին նրանք կկատարեն «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգը: